Samsung-ը երկարատեւ օգտագործման համար նախատեսված էկրան է ներկայացրել ծալվող սմարթֆոնների համար։ Այս մասին հաղորդվել է Samsung Display կայքում, փոխանցել է Լենտա.ռու-ն։

Էկրանների ստեղծմամբ եւ արտադրությամբ զբաղվող՝ Samsung-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետները գյուտը անվանել են Flex OLED: Ռեկորդային բարակ գերամուր էկրանը պատված է UTG պաշտպանիչ շերտով, որը երաշխավորում է էկրանի 200 հազար ծալում՝ առանց որակի կորստի։ Մասնագետների գնահատականներով՝ ծալվող սմարթֆոն օգտագործելիս դա կբավարարի մոտ հինգ տարի։

Ստեղծված դիսփլեյն ունի նաեւ մոտ 1.4 միլիմետր ծալման շառավիղ։ Տեխնոլոգիան մշակողների կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս նվազեցնել էկրանի արտադրության արժեքը։ Նկարագրված էկրանը նախատեսվում է օգտագործել ապագայի ծալվող սմարթֆոններում եւ այլ սարքերում։

Samsung Display կայքում ներկայացված են մի քանի ապրանքանիշեր, որոնք ասոցացվում են ապրանքների որոշակի կատեգորիաների հետ: Այսպիսով, Flex Bar էկրանները կարող են օգտագործվել ծալվող սմարթֆոններում, FleX Note-ը՝ ծալվող նոթբուքերում, Rollable Flex-ը՝ հեռուստացույցներում։