Perseverance մարսագնացի հերթական հաջողությունների մասին լուրերի ֆոնին դրա «կրտսեր եղբայր» Curiosity-ն ինչ-որ չափով ստվերում է մնացել։ Այնուամենայնիվ, ռովերը շարունակում է աշխատանքը։ Այն բարձրանում է Շարփ լեռան լանջով եւ պարբերաբար նոր պատկերներ է փոխանցում։ Վերջերս Curiosity-ն հասել է մի կետի, որտեղից շրջակա տարածքի հիրավի հիասքանչ տեսարան է բացվում: Առաքելության ուղեկցող թիմն այնքան է ոգեշնչվել այս տեսարանով, որ որոշել է դրա հիման վրա «բացիկ» ստեղծել: Այս մասին գրել է universemagazine.com-ը՝ jpl.nasa.gov-ին հղումով:

Դրա համար գիտնականները նոյեմբերի 16-ին վերցրել են Curiosity-ի սեւ-սպիտակ նավիգացիոն տեսախցիկներով արված երկու նկար։ Առաջինը ստացվել է տեղական ժամանակով առավոտյան 08:30-ին, երկրորդը՝ 16:10-ին։ Մարսի վրա օրվա այդ ժամին ստեղծվում են լուսավորության առավել կոնտրաստային պայմանները, ինչը թույլ է տալիս ֆիքսել լանդշաֆտի շատ դետալներ։

Այնուհետեւ փորձագետները համադրել են երկու նկարներն ու գունավորել դրանք։ Կապույտը համապատասխանում է երկնքին մարսյան լուսաբացին, նարնջագույնը՝ օրվա երկրորդ կեսի երկնքին, իսկ կանաչը՝ դրանց համակցությանը։

«Բացիկում» տեսարան է Շարփ լեռան ստորոտից։ Դրա բարձրությունը 5 կմ է։ 154 կիլոմետրանոց Գեյլ խառնարանի կենտրոնական գագաթն է, որտեղ գտնվում է Curiosity-ն։ Անօդաչուն սկսել է լեռը բարձրանալ 2014 թվականին։

Պատկերի աջ կողմում կարող եք տեսնել բնորոշ շրջանաձեւ բլուրներ: Curiosity-ն դրանց «ծանոթացել է» այս տարվա հուլիսին։

Համայնապատկերի աջ անկյունում Rafael Navarro Mountain ֆորմացիան է, որն անվանվել է Curiosity առաքելության մասնագետի պատվին, ով մահացել է այս տարվա սկզբին: Դրա հետեւում գտնվում է Շարփ լեռան վերին հատվածը, որն ավելի բարձր է մարսագնացի կողմից ներկայումս ուսումնասիրվող տարածքից: Հեռվում կարող եք տեսնել Գեյլի խառնարանը: Դրա բարձրությունը 2.3 կմ է, գտնվում է Curiosity-ից 30-40 կմ հեռավորության վրա։