Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը դժվար թե լուրջ վտանգ ներկայացնի պատվաստված մարդկանց համար, հայտարարել է պատվաստանյութերի Օքսֆորդի խմբի ղեկավար Էնդրյու Փոլարդը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։

«Պատվաստված մարդկանց շրջանում համավարակի նոր փուլը շատ քիչ հավանական է», - BBC 4 ռադիոյի եթերում ասել է նա:

«Մենք դրական ենք տրամադրված, քանի որ պատվաստանյութերը, ըստ էության, պետք է աշխատեն եւ պաշտպանեն նաեւ այս շտամի հետ կապված բարդություններից», - ավելացրել է Փոլարդը: «Սակայն դրանում համոզվելու համար մի քանի շաբաթ կպահանջվի»։

Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այս շտամի դեմ նոր պատվաստանյութի մշակումն արդեն կարող է իրականացվել կարճ ժամկետներում։

Օքսֆորդի համալսարանում աշխատող Փոլարդի խումբը AstraZeneca-ի համար COVID-19-ի դեմ պատվաստանյութ է մշակել, հիշեցնում են բրիտանական լրատվամիջոցները։