Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երեւան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ 

«Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթեւեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի:

ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սեւ արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խաղտելու արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։