Դելիմիտացիան կամ սահմանազատումը իրականացվում է այն երկրների միջեւ, որոնք իրար հետ ընդհանրապես խնդիր չունեն, նախկին Խորհրդային միության տարածքում գրեթե որեւէ տեղ դելիմիտացիա չի իրականացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Երբ դելիմիտացիայի հանձնաժողովները ստեղծվեցին, դա նշանակում է՝ նաեւ ըստ միջազգային իրավունքի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է։ Ըստ էության, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում բացահայտ այդ մասին ասաց։ Այսինքն՝ տարանջատվում է Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Իմ տեղեկություններով, ՀՀ պաշտոնատար անձինք այլ երկրների պաշտոնատար անձանց հետ հանիդպելիս, հենց այդ ձեւակերպումներն էլ տվել են, որ դրանք լրիվ առանձին հարցեր են»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ շարունակելով ներկայացնել այն վտանգները, որոնք ըստ նրա՝ քաղաքական ու փորձագիտական դաշտը խորությամբ չի պատկերացնում։

«Այն զարկերակը, որը կապում է Սյունիքին Երեւանը, այդ զարկերակի 21-րդ կմ-ն եւ ներքեւի հատվածը հանձնված է Ադրբեջանին, ընդ որում՝ դրանք մեր տարածքներն են։ Դրանք հանձնվել են Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ, որն իրավական մի գնահատական ունի՝ պետական դավաճանություն։ Եթե հետագայում կապիտուլյանտը հայտարարեց, թե ինքն  է այդ հրահանգը տվել, դա չի նշանակում, որ ստորագրողը պատասխանատվությունից ազատվում է։

Երրորդ վտանգն այն է, որ մենք կորցնում ենք Տիգրանաշենը, որտեղ լինելու են ադրբեջանական մաքսակետեր։ Հիշո՞ւմ եք իր վերջին հարցազրույցում Փաշինյանն ասաց՝ թող բերեն իրավական փաստաթղթեր անկլավների վերաբերյալ։ Այսինքն՝ կորցնելու ենք հյուսիսի (Տավուշի,- խմբ․) մի քանի մեծ բնակավայրեր, եւ Ադրբեջանը հնարավորություն է ստանալու իր մաքսակետերը դնել մեզ Վրաստանին կապող ճանապարհի վրա։

Մյուսը՝ 1992թ.-ի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ Ես այդ նիստին մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել։ Դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը այս նույն փաստաթուղթն է, որն իր նպատակն ունի։ Ես 2018-ից ասել եմ, որ սա դրսից ձեւավորված իշխանություն է, որը սպասարկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, եւ ըստ էության իրեն  իշխանության են բերել «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձեւով։ Արցախն ընդամենը իրենց առաջին ճաշատեսակն էր, հիմնական ճաշատեսակը Սյունիքն է, որը հիմա կատարվում է»,-նշել է Դավիթ Շահնազարյանը։