Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Խաղաղություն չի կարող լինել, եթե պատրաստ չես պատերազմելու, ես չեմ ասում՝ պատրաստ չես պատերազմի, ասում եմ՝ պատրաստ չես պատերազմելու»,-ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝  նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից։

«Իր ասած 41 ք/կմ-ն իրականում երկու անգամ ավելին է, եւ չկա պահանջ, որ մինչեւ ադրբեջանական զինված ուժերը դուրս չգան, դելիմիտացիայի մասին ոչ մի խոսք չի կարող լինել։  Կառավարության նիստում Փաշինյանն օգտագործեց ագրեսիա արտահայտությունը, ինչը չասաց ԵԱՏՄ նիստին, կամ էլ Սոչիում հանդիպման ժամանակ, ընդամենը կիրառեց ներխուժում բառը եւ հիմա հույսը դրե՞լ է միջազգային հանրության վրա։ Եթե միջազգային հանրության վրա ես հույսդ դրել, ուրեմն Բրյուսելում այդ հարցը պետք է բարձրացնես, պետք է բարձրացնես նաեւ ռազմագերիների, Ադրբեջանի կողմից վարձկանների, ֆոսֆորային ռումբեր օգտագործելու հարցերը»,-ասել է Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները թուլացրել են Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում․«Եթե դու թույլ ես, դաշնակիցներդ դա քեզ չեն ներում, բարեկամներդ քեզ չեն հիշում,  իսկ թշնամիները քեզ չեն խնայում։ Կարեւորագույն խնդիրը, որ այսօր կա նաեւ, դա Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն է, ինչը քլունգն առած շարունակում է քանդել կապիտուլյանտը»։

Դավիթ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել թուրքական զինուժի ներկայությունն Ադրբեջանում։

«Մի քանի փորձագետներ գրեցին, որ խոսքը վերաբերում է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնին, բայց դրան չի կարող վերաբերել, որովհետեւ այնտեղ  զինուժ չկա, այնտեղ ընդամենը մի քանի տասնակ սպաներ են։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում այսօր թուրքական զինուժ կա, եւ չեմ բացառում, որ թուրքական զինուժ կա նաեւ Նախիջեւանում։ Ունեմ այդպիսի տեղեկություններ, որ այս ամեն ինչը կա։ Այն, ինչ այսօր կատարվում է, դա կապիտուլյացիայի շարունակությունն է, մեր պետականության՝ կազմաքանդումը»,-նշել է Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթուղթը ամբողջությամբ Ադրբեջանի նպատակներին է համապատասխանում։