Հարավաֆրիկացի բժիշկը, որն ահազանգել է կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի մասին, ասել է, որ դրա ախտանշանները «արտասովոր են, բայց թեթեւ»:

Բժիշկ Անժելիկա Կութզին, որը գլխավորում է Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան (SAMA), հայտնաբերել է վիրուսի նոր շտամը, երբ Պրետորիայում՝ իր մասնավոր հիվանդանոցում, COVID-19-ով վարակված պացիենտների մոտ ի հայտ են եկել արտասովոր ախտանշաններ: «Նրանց ախտանշաններն այնքան տարբեր էին եւ այնքան թեթեւ՝ ի տարբերություն այն պատկերի, որը ես բուժել եմ նախկինում»,-ասել է Քութզին The Telegraph-ին:

Նա դիմել է Հարավային Աֆրիկայի՝ պատվաստանյութերի գծով խորհրդատվական հանձնաժողով նոյեմբերի 18-ին, երբ չորս անդամից բաղկացած ընթանիքում հայտնաբերվել է ախտանշաններով, այդ թվում՝ ծայրահեղ հոգնածությամբ վիրուսը:

Ներկայում նա ունի երկու տասնյակ պացիենտ, որոնք ունեն թեստի դրական արդյունք եւ նոր տեսակի ախտանշաններ. նրանք, մասնավորապես, երիտասարդ տղամարդիկ են: Նրա խոսքով՝ պացիենտների շուրջ կեսը պատվաստված չէ: Վարակվածներից ոչ մեկը չի կորցրել համի կամ հոտի զգացողությունը:

«Դա հիվանդություն է, որն ուղեկցվում է մեկ-երկու օրվա ընթացքում հոգնածությամբ եւ մկաններում ցավային զգացողություններով»,-ասել է Քութզին: «Ներկայում մենք հայտնաբերել ենք, որ վարակվածները չեն կորցնում ո՛չ համը, ո՛չ հոտը: Նրանք ունեն թույլ հազ: Արտահայտնված ախտանշաններ չկան: Որոշ վարակակիրներ բուժվում են տնային պայմաններում»: Նա նկարագրել է 6-ամյա աղջկա բավականին հետաքրքիր դեպքը: Երեխան ուներ ջերմություն եւ հաճախացած երակազարկ: Սակայն երկու օր անց նրա ինքնազգացողությունը շատ ավելի լավ էր»,-ասել է նա: Քութզին ընդգծել է, որ նրա բոլոր պացիենտներն առողջ էին, եւ մտահոգություն հայտնել, որ տարեց եւ չպատվաստված պացիենտները կարող են տուժել օմիկրոնից շատ ավելի ուժգին, հատկապես, ուղեկցող հիվանդությունների դեպքում, ինչպիսին են դիաբետը կամ սրտային հիվանդությունները: «Այժմ մենք պետք է մտահոգվենք այն մասին, թե երբ տարեցները վարակվեն նոր տարբերակով, եւ եթե նրանք պատվաստված չլինեն, մենք կտեսնենք շատ ավելի շատ մարդկանց հիվանդության ծանր ընթացքով»,-ասել է նա: