Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ օտարերկրացիների բացակայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլ նաեւ կբարդացնի իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Աշխաբադում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Իրանն ու Թուրքիան կարող են ամրապնդել տնտեսական ու քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ՝ հասցնելով ռազմավարական մակարդակի: «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու այդ համատեքստում կարելի է դիտարկել արտոնյալ սակագներ»:

Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների եւ համագործակցության մասին խոսելիս Ռայիսին նշել է. «Մենք շատ ընդհանրություններ ունենք մշակույթի, կրոնի եւ գաղափարախոսության ոլորտում, մենք չպետք է թույլ տանք այդ հարաբերությունների ձախողումը, դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ, որպեսզի հիասթափեցնեն մեր ընդհանուր թշնամիներին»:

Զրուցակիցները քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, Սիրիայում եւ Իրաքում: «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ օտարերկրացիների բացակայությունը եւ միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել այդ հարցերը, այլ կբարդացնի իրավիճակը»,-նշել է Ռայիսին:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ իր երկրի համար անհրաժեշտ է զարգացնել եւ ամրապնդել երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցությունն Իրանի հետ: «Մենք կարող ենք առաջընթաց գրանցել հարաբերություններում, հատկապես, տնտեսական ոլորտում»,-ասել է նա:

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին, որ նրանք «սովորեցնում ու զինում են բոլոր ահաբեկչական խմբավորումներին տարածաշրջանում, այդ թվում՝ ԻՊ-ին եւ Քրդստանի բանվորական կուսակցությանը»: «Ուստի մենք համարում ենք, որ համատեղ համագործակցությունն անհրաժեշտ է խաղաղություն հաստատելու համար: Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ապահովել անվտանգությունն ու կայունությունն ուրիշ երկրների հետ համագործացկության դեպքում», Էրդողանի խոսքերը մեջբերում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը: