Իրակլի Ղարիբաշբիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվերջ, հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Ղարիբաշվիլին կհայտարարի իր հեռանալու մասին դեկտեմբերին, եւ նրա հրաժեշտի խոսքն արդեն գրված է: «Ֆորմուլայի» տեղեկություններով՝ ուղերձում պաշտոնյան կհայտարարի, որ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաքելությունը կատարված է՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալված է եւ երկրին այլեւս չի սպառնում ապակայունացում:

Լրագրողները համարում են, որ պատահական չէր վերջերս դատական նիստի գրառումների արտահոսքը, որոնցում «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խոսում է ֆինանսատնտեսական ոլորտում Ղարիբաշվիլիի ոչ կոմպետենտության մասին: Այդ տեսանյութում Վրաստանի ներկայիս վարչապետը հիշատակվում է, որպես միլիարդատիրոջ քարտուղար:

Իրենց վարկածը հաստատելու համար սյուժեի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» ժամանակ Վրաստանը կներկայացնի ոչ թե վարչապետը, այլ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:

Ինքը՝ Ղարիբաշվիլին, հրաժարվել է մեկնաբանել իր հեռանալու մասին հաղորդագրությունները: Նա նաեւ չի պատասխանել հարցերին, որոնք կապված են Իվանիշվիլիի հետ: Իշխող կուսակցությունից որոշ պատգամավորներ անվանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերը կեղծ, մյուսներն ասել են, որ չեն տիրապետում այդպիսի տեղեկատվության:

«Ֆոմուլայի» համաձայն՝ Ղարիբաշվիլիի փոխարեն դիտարկվում է երկու թեկնածու: Նրանցից մեկը 44-ամյա Իրակլի Կարսելաձեն է՝ տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածի նախարարը, որը, ինչպես եւ կառավարության որոշ այլ անդամներ, նախկինում եղել է Իվանիշվիլիին պատկանող ընկերության աշխատակիցը:  Սյուժեի հեղինակների կարծիքով՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել նաեւ Կախա Կուչավան՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակը, որը ձեռք է բերել արեւմտամետ քաղաքական գործչի համբավ: