Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուների կիրառումը կարող է լիովին փոխել խաղի կանոնները, քանի որ Մոսկվային կարծես մտահոգում է այդ հարցը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է հայտնի քաղաքագետ, փիլիսոփա եւ գրող Ֆրենսիս Ֆուկույաման:

Ուկրաինան սկսել է համագործակցել Թուրքիայի հետ 2018 թվականին եւ ձեռք բերել 6 անօդաչու 200 ռումբերի եւ UMTAS հրթիռների հետ, իսկ ավելի ուշ հետաքրքրվածություն հայտնել եւս 48-ը ձեռքբերելու վերաբերյալ: Defense Technologies Engineering (STM) թուրքական ընկերությունը նաեւ կփոխանցի Ուկրաինային թուրքական մարտական անօդաչուների համատեղ արտադրության համար տեխնոլոգիաները գործարքի շրջանակում, որի պոտենցիալ արժեքը 1 միլիարդ եվրո կարող է լինել:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այս ամիս հայտնել է, որ հաջորդ տարի կգնի Թուրքիայից Bayraktar անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ: «Մեր թուրքական գործընկերները հրապարակավ հայտարարել են, որ նրանք վերցնում են ուկրաինական շարժիչները Bayraktar սարքավորումների համար: Մենք հավելյալ պլանավորում ենք ձեռք բերել դրանք հաջորդ տարի: Սակայն դրանք կլինեն ուկրաինական Bayraktar-ներ, ընդգծում եմ: Այսինքն՝ պատրաստված կլինեն Թուրքիայում, սակայն կլինեն ուկրաինական, կպատկանեն Ուկրաինայի Զինված ուժերին»,-այդ ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: