Omicron COVID-19 շտամով վարակման առաջին երկու դեպքերը հաստատվել են Կանադայում, դրանք հայտնաբերվել են երկրի մայրաքաղաք Օտտավայում Նիգերիայից ժամանածների շրջանում, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օնտարիո նահանգն այսօր COVID-19-ի «օմիկրոն» տարբերակի երկու դեպք է հաստատել Օտտավայում, որոնք երկուսն էլ հայտնաբերվել են Նիգերիայից վերջերս ժամանածների մոտ: Հանրային առողջապահության դեպարտամենտը հետեւում է վարակվածներին, հիվանդները մեկուսացված են»,- վստահեցրել է Օնտարիոյի առողջապահության նախարար Քրիստին Էլիոթը։ Նրա խոսքերը մեջբերված են մարզային կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Էլիոթը վստահեցրել է, որ Օնտարիո նահանգը «պատրաստ է» արձագանքել նոր COVID-19 տարբերակին: Մասնավորապես, իրավիճակը հիվանդանոցներում եւ ոլորտում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կայուն է մնում, Օնտարիոյում ենթակառուցվածքը զարգացած է «բռնկումների դեմ պայքարի համար», այդ թվում գործարկված են զանգվածային թեստավորման հնարավորությունները:

Radio-Canada Info-ն նշում է, որ «օմիկրոն» տարբերակով վարակման երկու հայտնաբերված դեպքերն առաջինն են երկրում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ խորհրդակցությունից հետո որոշում կայացրեց Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը որպես մտահոգություն առաջացնող դասակարգել: Նոր շտամը՝ B.1.1.529-ը, ԱՀԿ-ն կոչել է հունարեն «օմիկրոն» տառով: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ «օմիկրոնը» վտանգի աստիճանով  կարող է համեմատվել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ է, որքան դելտա շտամը: