Նոր Զելանդիան դեկտեմբերի 3-ից կներդնի  COVID-19-ի բռնկման արձագանքման եռագույն համակարգ։  Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ուրբաթ օրը Նոր Զելանդիան կներկայացնի «երթեւեկության լուսացույցների» համակարգ, որը ներառում է կարմիր, դեղին եւ կանաչ մակարդակները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է սանիտարական որոշակի սահմանափակումներ։ 

«Այժմ, երբ մենք պատվաստել ենք երկրի բնակչության զգալի մասը, ժամանակն է անցնելու նոր համակարգին»,-ասել է Արդերնը։ 

Վարչապետը նշել է, որ «լուսացույցների համակարգը կփոխարինի արգելափակումների հանկարծակի հայտարարությանը» եւ ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների համար կներկայացնի հատուկ անցագրեր։ Ակնկալվում է, որ այս փաստաթղթերը թույլ կտան պատվաստված նորզելանդացիներին խուսափել սանիտարական սահմանափակումներից, իսկ ձեռնարկությունները, հաստատությունները եւ գործակալությունները կարող են գործել բռնկման ժամանակ՝ ստուգելով անձնակազմի եւ հաճախորդների պատվաստումների առկայությունը: