ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերը հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ կապված այն բանի հետ, որ ռազմական գերատեսչությունն արգելել է հրապարակել նրա հուշերի զգալի մասը, որոնք վերաբերում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում նրա աշխատանքին։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով դատական ​​այս փաստաթղթին։  

Էսփերը, ում Թրամփը պաշտոնանկ արեց անցյալ տարվա նախագահական ընտրություններում իր պարտությունից անմիջապես հետո, ծրագրում է մայիսին թողարկել «Սրբազան երդումը» գիրքը։ 

«Գաղտնիության պատրվակով տեքստի էական հատվածը հանվում է հրապարակումից։ Առգրավված տեքստն անհրաժեշտ է ձեռագրում շոշափված կարեւոր պատմությունները պատմելու համար»,-ասվում է նախկին նախարարի հայցում, որը ներկայացվել է Կոլումբիայի շրջանային դատարանում։

Հայցում նշվում է նաեւ, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ոտնահարում է խոսքի ազատության վերաբերյալ նրա սահմանադրական իրավունքները։ Ինչպես նշել է Էսփերը, դատարան դիմելը միակ հասանելի միջոցն է «իր պատմությունն ԱՄՆ ժողովրդին ամբողջությամբ փոխանցելու համար»։