Ներկա պահին Առուշ Առուշանյանի գործով մենք գտնվում ենք դատաքննության փուլում. Նախորդ դատական նիստին մենք սպառեցինք այդ փուլում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը. Այսօր անցնելու ենք բույն դատաքննությանը:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով, առաջին քայլով պետք է որոշվի ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը. «Ապացույցների հետազոտումից հետո պաշտպանական կողմը, բնականաբար, ունի միջնորդություն: Մարտավարական հանգամանքներից ելնելով ներկա պահին չեմ ցանկանում բարձրաձայնել:

Ես մնում եմ այն կարծիքին, որ մենք գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ: Այո, նախորդ  դատական նիստում կայացվեցին որոշումներ, որոնք պաշտպանական կողմին գոհացնող չէին:

Այո, ես վտահ եմ, որ կարող են լինել նաեւ համապատասխան ճնշումներ այս գործի առումով, հետեւաբար այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է: Այդուհանդերձ, պաշտպանական կողմը չի հանձնվում, մինչեւ վերջ պայքարելու ենք: Մեզ համար խափանման միջոցի փոփոխման հարցը դեռ արդիական է, այդ հարցը բարձրացնելու ենք եւ հույս ունենք, որ շատ շուտով Առուշ Առուշանյանը կլինի ազատության մեջ»,-ընդգծեց պաշտպանը:

Նա նկատեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու են մեկուսացրել Սյունիքի համայնքապետերին. «Նրանք կարող են խոչընդոտ հանդիօսանալ որոշ հարցերի վերաբերյալ, որոնք լուծում է այսօր գործադիր իշխանությունը: Նույն իրավիճակը տեսանք Արթուր Սարգսյանի հետ կապված: Նման պայմաններում, եթե սա չի քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է քաղաքական հետապնդումը: Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չակ, երբ ամեն ինչ արվում է շատ ակնհայտ ու շատ արհեստական, մենք չենք կարող դա գնահատել որպես իրավական:Սյունիքի բոլոր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։