Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման նիստից հետո խորհրդաժողովի օրակարգերը Գորիսում ենք քննարկելու, դրա հիմնական նպատակը Սյունյաց աշխարհի ժողովրդին նեցուկ հայտնելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սյունիքը վտանգված է:

«Այս պարտվողական եւ անհայրենիք կացության մեջ, որ գտնվում է իշխանությունը, թվում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», - ասաց նա։

Կարևորագույն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են. «Դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում», - նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։