Բնականաբար, հնարավոր չէ սկզբունքային ձեւով դեմ լինել հաղորդակցությունների հանգուցալուծման խնդրին, բայց կարեւորն այն է, թե ինչ տեսակի ու ձեւի հանգուցալուծում է պարտադրվում կամ գոյանում այդ հաղորդակցության կապերը բացելու իմաստով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը

«Մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց թե որեւէ ձեւով Հայաստանը բացվելու է աշխարհի առջեւ, այդտեղ որեւէ հարց չունենք, եթե լինիմ մտածված, հաշվարկված, ծրագրավորված աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Սոչիում ընդունվածշ եռակողմ հայտարարությանը եւ փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին, Հակոբ Խաչատուրյանն ասաց. «Այդ հայտարարությունում շատ բաների մասին խոսք չկար, Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր:

Մեզ համար կարեւոր է, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի Ադրբեջանի մեջ: Մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերականդանացվի:

Եթե հնարավորություն լիներ հետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ մենք դրա կողմնակիցը կլինենք: Սակայն այս իշխանությունները պնդում են, որ քանի որ կետ գոյություն ունի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում, որ պետք է կատարվի դա: Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետեւ դուք լավ գիտեք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն հարաբերություններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղությամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի է: Պարտության հետեւանքով թշնամին փորձում է ամ են ինչ կորզել, եւ այդ ուղղությամբ օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը»,-ասաց նա: