Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկիրը փակում է իր սահմաններն օտարերկրացիների համար՝ COVID-19-ի օմիկրոն շտամի համաշխարհային տարածման պատճառով, հայտնում է Reuters-ը։

Քիշիդան հայտարարել է, որ ճանապարհորդության արգելքը կսկսվի նոյեմբերի 30-ից եւ կվերաբերի բոլոր օտարերկրյա քաղաքացիներին։ Նշվում է, որ արտակարգ միջոցը կիրառվում է մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի պարզել ողջ տեղեկատվությունը վիրուսի նոր տարբերակի մասին:

Նոյեմբերի 8-ից Ճապոնիայում որոշ զիջումներ էին մտցվել օտարերկրյա գործարարների, ուսանողների եւ հավաստագրված պատվաստանյութերով մասնագետների համար։ Այդպես, ընդունող կողմի առկայության եւ լիարժեք պատվաստման դեպքում թույլատրվում էր 10 կամ 14-ի փոխարեն երեք օր մնալ կարանտինում, այնուհետեւ այցելել գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վայրեր եւ օգտվել հասարակական տրանսպորտից։ Այնուամենայնիվ, այս միջոցը զբոսաշրջիկների վրա չէր տարածվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ G7-ի առողջապահության նախարարներն արտակարգ նիստ են հայտարարել կորոնավիրուսի նոր շտամի հետ կապված։ «Ես G7-ի առողջապահության նախարարների արտահերթ նիստ եմ հրավիրել, այն կկայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը։ «Մեծ յոթնյակի»` օմիկրոնի շտամին վերաբերող իրադարձությունները քննարկելու պլանների մասին հայտարարվել է նաեւ բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 ծածկագրով շտամը: Վարակման առաջին հաստատված դեպքերը գրանցվել էին նոյեմբերի 24-ին։ Շտամն անվանվել է հունարեն «omicron» տառով եւ ԱՀԿ մակարդակով արդեն հասցրել է վտանգավոր ճանաչվել: