Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ այսօր՝ նոյեմբերի 29-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի:

Նշենք, որ այս պահին ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

Ավելի վաղ NEWS.am-ւ հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։