Կորոնավիրուսի օմիկրոն շտամն աստիճանաբար տարածվում է ամբողջ Մեծ Բրիտանիայում, իսկ առաջին վեց դեպքերը հայտնաբերվել են Շոտլանդիայում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության այս վարչաքաղաքական մասի արդարադատության նախարար Համզա Յուսաֆը։

Նրա խոսքով՝ նոր շտամով վարակման բոլոր դեպքերը գրանցվել են շոտլանդական ամենամեծ քաղաքի՝ Գլազգոյի շրջակայքում։ Այսպիսով, ներկայումս Մեծ Բրիտանիայում հայտնի է օմիկրոն շտամով վարակման ընդհանուր ինը դեպք:

Շաբաթ օրն առաջին երկու դեպքերի մասին հայտնել էր Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, դրանք գրանցվել են անգլիական Բրենտվուդ (հարավային Էսսեքս) եւ Նոթինգհեմ (կենտրոնական Նոթինգհեմշիր) քաղաքներում։ Կիրակի Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտարարեց երրորդ դեպքի հայտնաբերման մասին, մինչդեռ վարակվածները մինչ երկիր ժամանելն այցելել էին հարավային Աֆրիկա: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ անձը մնացել է Լոնդոնի կենտրոնական Վեսթմինսթեր շրջանում, որտեղ այժմ կորոնավիրուսի «տեղային թեստավորման» ծրագիր է գործում:

Օմիկրոնի շտամի հետ կապված իրավիճակի ֆոնին թագավորության իշխանությունները հայտարարեցին, որ նոյեմբերի 30-ից երկիր մուտք գործող յուրաքանչյուր ոք պետք է անցնի ՊՇՌ թեստ հանձնի եւ ինքնամեկուսացվի մինչեւ դրա արդյունքը ստանալը։ Մեծ Բրիտանիան աֆրիկյան 10 երկիր է ներառել, այսպես կոչված, բարձր ռիսկային կարմիր ցուցակում, որոնցից ժամանողներին անհրաժեշտ կլինի հետեւել մեկուսացման կանոններին հատուկ հյուրանոցներում` իրենց հաշվին։ Նոյեմբերի 30-ից դիմակների պարտադիր ռեժիմը կրկին կսկսի գործել նաեւ հասարակական տրանսպորտում, խանութներում եւ սուպերմարկետներում։