Մեծ Բրիտանիան պետք է մինչեւ դեկտեմբերի 10-ը որոշի ֆրանսիական ձկնորսական նավերի լիցենզիաների հարցը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը France Inter-ի եթերում։

«Մենք նոր շրջադարձ ունենք, Եվրահանձնաժողովը մոբիլիզացվել է եւ սահմանել վերջնաժամկետ՝ հրապարակային եւ ճշգրիտ՝ դեկտեմբերի 10-ը։ Մինչ այդ բանակցություններ են վարվելու Մեծ Բրիտանիայի, Եվրահանձնաժողովի եւ Ֆրանսիայի միջեւ, իսկ մինչ այդ մենք ակնկալում ենք իրավիճակի կարգավորում։ Եթե ​​մինչեւ դեկտեմբերի 10-ը տեսանելի ժեստեր չլինեն, մենք կդադարեցնենք այս երկխոսությունը»,-պարզաբանել է պետքարտուղարը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան գոհ է Եվրահանձնաժողովի ավելի կոշտ դիրքորոշումից։ Բոնը նշել է, որ Լոնդոնը դեռ լրացուցիչ լիցենզիաներ չի տրամադրել ֆրանսիացի ձկնորսներին։