Կարծում եմ կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել, մենք չենք ուզում մեր մարտավարությունը այս պահին բացել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողներին ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա հույս հայտնեց, որ արդարությունը հաղթելու է։ «Կարծում եմ, որ դատավորի  ներսում կռիվ է, չարի ու բարու պայքար է, բայց արդարդատությունը վերջում կհաղթի ինքը պարզ ու մաքուր աչքեր ունի, ես հույս ունեմ դատավորից»,–ասաց պաշտպանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Ավելի վաղ NEWS.am-ւ հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։