Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող՝ երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ որեւէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանին եւ Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն է եւ Արցախի հայաթափումն է: Մեր գլխավոր խնդիրը դրա բացառումն է: Թուրքացումը Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ բազմամակարդակ ու բազմաբնույթ կախվածության վիճակն է: Թուրքացման անմիջական վտանգը կենսական զիջումներով ուղեկցվող հայոց պետականության փլուզումն է, երբ Հայաստանը վերածվում է իրավական առումով անկախ, բայց փաստացի Թուրքիայից կախյալ կցորդ երկրի»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով Արցախի հայաթափման խնդրին, նա նշեց, թե որոնք են այդ հայաթափումը թույլ չտալու պայմանները. «Արցախի՝ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակի բացառումը, Արցախի անկլավային վիճակի բացառումը, Արցախի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովումը, Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի խնդիրը, Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրվունքի իրացումը երաշխավորելու Հայաստանի հանձնառության վերականգնումը, Արցախի անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունն ուղղված լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման, «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւի կիրառումը Արցախի անկախության ճանաչման գործընթացում»: