Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և  Արթուր Հարությունյանը։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ 2022թ․ բյուջեով նախատեսվում է 880 մլն 750 հազ. 800 դրամ, որը 2021թ․ համեմատ ավել է 12 մլն 457 հազ 600 դրամով, ինչը պայմանավորված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և պետծառայողի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի բնականոն աճով։  Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների ծախսերը 2022թ.  համար նախատեսվում է  580 մլն 237 հազ 300 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23 մլն 44 հազ 300 դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների իջեցմամբ:Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի կարգավիճակին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, առկա մարտահրավերներին, տեղեկատվական դաշտի ընդլայնմանը։

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է բյուջեից հատկացնել 33 մլն 500 հազ դրամ՝ նախորդ տարվա 10,0 մլն-ի համեմատ: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության ծրագրի ծախսերը ուղղվելու են ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ու մարքեթինգի և  խթանման միջոցառումներին։ Արմեն Թովմասյանը  կարևորել է «Ճանապարհ թրեյլ» նախագծի շրջանակներում նոր քայլուղիների ստեղծումը, «Տուրիստ բուս» ծրագրի վերագործարկումը։ Նախարարը պատասխանել է պատգամավորների՝ ներքին տուրիզմի զարգացմանը, զբոսաշրջային կոնկրետ երթուղիների ձևավորմանն ու դրանց անվտանգային ապահովվածությանը վերաբերող հարցերին։

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանն  առանձնացրել է ոլորտի ծախսային հիմնական ուղղությունները․ «Ձայն արդարություն» ռադիոկայանի պահպանման համար  նախատեսվում է ուղղել 10 մլն 841 հազ  200 դրամ, ԱՀ հեռուստառադիոընկերության խորհրդին՝ 34 մլն752 հազ 900 դրամ, հեռուստատեսային և ռադիոծառայություններին՝ 443 մլն 614 հազ դրամ։ Խորհրդի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կադրային քաղաքականությանը, մանկական և ժամանցային նախագծերի ընդլայնմանը, նոր իրողություններից բխող հաղորդումների գործարկմանը  և այլն։

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2022թ.-ին 2021թ  համեմատ փոփոխության չեն ենթարկվի, չհաշված պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացմամբ։Ըստ այդմ՝ թերթի պահպանման ծախսերը կկազմեն 106 մլն 503 հազ. 200 դրամ: Թերթի խմբագիրը  պարզաբանումներ է տվել թերթի տպաքանակի և հետևորդների նվազման, թերթի անվանակոչման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: