Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում դիմել է հանրությանը` պատասխանելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներին:

Սաակաշվիլին նշել է, որ երբ ժամանել է Վրաստան, մի քանի օր հնարավորություն է ունեցել շփվել մարդկանց հետ, եւ տեսել է, որ նրանք շատ դժվար են ապրում։

Նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին «միասնաբար վերջ տալ այդ ամենին»։

Դատախազության տվյալներով՝ Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին Ուկրաինայից եւ Փոթի նավահանգիստ է ժամանել ծովային նավով՝ կաթնամթերք տեղափոխող կցասայլով։ Դրանում նրան օգնել են մի քանի տղամարդ՝ կցասայլի տերն ու վարորդը, ինչպես նաեւ մաքսայինները։ Նրանցից երեքը ներկայումս կալանավորված են եւ քրեական հետապնդման են ենթարկվում։ Ինքը՝ Սաակաշվիլին, ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել եւ 50 օր հացադուլ է պահել՝ մինչեւ Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելը։

«Առաջին հերթին ուզում եմ ողջունել փողոցում կանգնած մարդկանց, ողջունել վրաց հասարակությանը։ Մի քանի օր ազատ շրջեցի Վրաստանով, մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունեցա մինչեւ գերի ընկնելը, տեսա, որ մարդիկ շատ վրդովված են, մռայլ, մարդիկ գրեթե չեն ժպտում, նրանք շատ դժգոհ են։

Իմ սիրելի վրացի ժողովուրդ, ուզում եմ ձեզ հարցնել՝ կարոտո՞ւմ եք հպարտության զգացումը երկրում, զարգացման տեմպերը, նորարարությունն ու վերականգնումը, սերն ու ջերմությունը, հաղթանակը: Եկեք բոլորս միասին ավարտենք այն, ինչ կատարվում է հիմա»,-ասել է Սաակաշվիլին:

«Սա ամենամեծ նվաստացումն է։ Ողջ աշխարհը զարմացած է, որ ես դիմում եմ ձեզ ապակու հետեւից՝ փոխանակ ինձ հնարավորություն տային տեղաշարժվել իմ կառուցած երկրում եւ միասին զարգացնել այն։ Ես Վրաստանի առաջին ղեկավարն եմ Լուարսաբ թագավորից հետո, ով բանտարկվել է 400 տարի առաջ էր»,-ասել է Սաակաշվիլին։

Նշենք, որ Քարթլիի թագավոր Լուարսաբ II-ն ապրել է 17-րդ դարի սկզբին։ Նրան գերեվարել է պարսից շահ Աբբաս I-ը, յոթ տարվա բանտարկությունից հետո մահացել է Շիրազի մոտ գտնվող բերդում։ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին: