Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստում միջնորդությունների փուլն ավարտվեց, գործխընթացը մտավ դատաքննության փուլ:

Դատախազներն ընթերցեցին գործով ամբաստանյալներ Առուշ Առուշանյանի, եւ Քարահունջ համայնքի նախկին ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական եզրակացությունները: Գործով ամբաստանյալները նշեցին, որ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Առուշանյանը նշեց. «Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց իրականությանը չի համապատասխանում»: Առուշանյանը մասնավորեցրել է, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Ամբաստանյալներից Հարութ Լալազարյանն էլ հայտարարեց, որ իրեն պարզապես շառ են անում, ինքն ընդհանրապես համաձայն չէ մեղադրական եզրակացության հետ:

Պաշտպանները պնդում են որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա ապացույցները: Նրանց խոսքով, եթե ամբաստանյալն ուզում է ցուցմունք տալ, ապա դատարանն առաջնահերթությունը պետք է դրան տա:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։