Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստում դատարանը ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը սահմանեց. սկզբում կքննեն ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարձաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կլինի:

Ամենայն հվանականությամբ հարցաքննությունը կսկսեն Քարահունջի նախկին ղեկավար Լուսինե Ավետյանից, քանի որ ինքն է ցանկություն հայտնել առաջինը քննվել:

Մինչ այդ պաշտպանները պնդում էին, որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա ապացույցները: Նրանց խոսքով, եթե ամբաստանյալն ուզում է ցուցմունք տալ, ապա դատարանն առաջնահերթությունը պետք է դրան տա:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։