COVID-19-ի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է բարձր արդյունավետություն ունենան վերջերս հայտնաբերված Omicron տարբերակի դեմ, ասել է ինֆեկցիոն հիվանդությունների հարավաֆրիկացի առաջատար փորձագետ, պրոֆեսոր Սալիմ Աբդուլ Քարիմը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, թե հանգեցնում է արդյոք Omicron-ն ավելի ծանր կլինիկական ախտանիշների, քան նախորդ տարբերակները: Այնուամենայնիվ, նա ասել է, որ այս շտամը, ըստ երեւույթին, ավելի վարակիչ է եւ կարող է հանգեցնել երկրում նոր ամենօրյա դեպքերի ավելացման, որը մինչեւ շաբաթվա վերջը կգերազանցի 10 000-ը:

«Հիմք ընդունելով այն, ինչ մենք գիտենք, եւ այն, թե ինչպես են մտահոգիչ այլ տարբերակներն արձագանքել պատվաստանյութի հանդեպ իմունիտետին, կարող ենք ակնկալել, որ կշարունակենք տեսնել բարձր արդյունավետություն՝ հիվանդանոցներ ընդունվելու եւ ծանր հիվանդությունների դեպքում, եւ որ պատվաստանյութի պաշտպանությունը, հավանաբար, կմնա ուժեղ»,- ասել է Աբդուլ Քարիմը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի հայտարարել է, որ տարբերակն իրենից ներկայացնում է վարակի բռնկման շատ բարձր գլոբալ վտանգ, թեեւ անհրաժեշտ է հետագա հետազոտություն՝ գնահատելու համար, թե որքանով այն կարող է շրջանցել պաշտպանությունը պատվաստանյութերից եւ նախորդ վարակներից:

Հարավաֆրիկյան բժիշկները, ովքեր բուժել են COVID-19-ով հիվանդներին, ասում են, որ Omicron-ը առայժմ առաջացնում է մեղմ ախտանիշներ, ներառյալ՝ չոր հազ, տենդ եւ գիշերային քրտնարտադրություն:

Աբդուլ Քարիմը նշել է, որ դեռ վաղ է միանշանակ եզրակացություններ անել, քանի որ բժիշկները կարող են մեկնաբանել միայն այն պացիենտների դեպքերը, որոնց բուժում են։ «Տվյալները դեռեւս բավարար չեն»,- ասել է նա։

Հարավային Աֆրիկայի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի պատրաստի իր առողջապահական հաստատությունները՝ այս տարբերակը հաղթահարելու համար, եւ խնդրում է այն երկրներին, որոնք հարավային Աֆրիկա ճանապարհորդական սահմանափակումներ են մտցրել, վերացնել դրանք, նույն ասուլիում հայտարարաել է առողջապահության նախարար Ջո Ֆահլան:

Հանրային առողջապահության պաշտոնյաներն ասում են, որ Գաուտենգ նահանգը, որտեղ այս տարբերակի հայտնաբերումից հետո դեպքերի թիվը կտրուկ աճել է, դեռեւս COVID-19-ից մահացությունների աճ չի դիտարկում: Նրանք հավելել են, որ առայժմ հնարավոր չէ ասել՝ հանգեցրել է արդյոք Omicron-ը մահացության աճի։