Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր տարբերակի դեմ պատվաստանյութ մշակելու եւ մատակարարելու համար ամիսներ կպահանջվեն: Սակայն ընկերության բուստերային պատվաստանյութի ավելի մեծ չափաբաժինը կարող է շատ ավելի վաղ պատրաստ լինել:

«Ավելի մեծ չափաբաժինը կարող է ներարկվել անմիջապես, բայց ամիսներ կանցնեն, մինչեւ «օմիկրոն» տարբերակի պատվաստանյութը պատրաստ կլինի առաքվելու հսկայական քանակությամբ»,- ասել է Բանսելը CNBC-ին:

Նրա խոսքով՝ Moderna-ն կարծում է, որ «օմիկրոնը» շատ վարակիչ է, բայց առնվազն երկու շաբաթ կպահանջվի պարզելու համար, թե որքանով են մուտացիաներն ազդել շուկայում առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա: «Դրանից կախված՝ մենք կարող ենք որոշել՝ ներարկել արդյոք ներկայիս պատվաստանյութի ավելի մեծ չափաբաժին... Հավանաբար, բարձր ռիսկային խմբում գտնվող, թուլացած իմունիտետով եւ տարեց մարդկանց չորրորդ չափաբաժինը պետք կլինի»:

«Մենք նաեւ կարծում ենք, որ «օմիկրոնն» արդեն առկա է շատ երկրներում»,- ասել է Բանսելը: