Լիբանանի նախագահ Միշել Աունը Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ քննարկել է Բեյրութի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ աննախադեպ դիվանագիտական ճգնաժամը։ Էմիրը խոստացել է օգնել երկրին մեղմելու խնդիրները, հաղորդում է AP-ն։

Նախագահ Միշել Աունի եւ Ալ Թանիի հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիբանանի ղեկավարը ժամանել է Դոհա՝ արաբական ֆուտբոլային մրցաշարի բացման արարողությանը։

Լիբանանն ավելի խորն է ընկղմվում տնտեսական ճգնաժամի մեջ, որը վատթարագույնն է նրա ժամանակակից պատմության մեջ: Երկրի ֆինանսական ճգնաժամը, բազմաթիվ այլ ճգնաժամերի հետ միասին, աղքատության մեջ է գցել երկրի բնակչությանը:

Կատարի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։

Աունի գրասենյակից հայտնել են, թե երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ արաբական երկրները պետք է աջակցեն Լիբանանին եւ «հաղթահարեն այն խնդիրները, որոնք կարող են ծագել այդ հարաբերություններում»։

Աունը բազմիցս հայտարարել է, որ Լիբանանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ։

Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան՝ Լիբանանի ավանդական հովանավորը, հետ է կանչել իր դեսպանին Բեյրութից եւ խնդրել է Լիբանանի դեսպանին լքել երկիրը՝ Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Կորդահիի այն մեկնաբանություններից հետո, թե Եմենում պատերազմն ապարդյուն էր, եւ այն Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ագրեսիան էր։

Աունը կատարական «Ալ Ռայա» թերթին ասել է, որ կխնդրի Շեյխ Թամիմին ներդրումներ կատարել Բեյրութի նավահանգստի վերականգնման համար, որը ավերվել էր անցյալ տարի ուժգին պայթյունից: Աունը նաեւ նշել է, որ կփորձի ներդրումներ գտնել այլ ենթակառուցվածքային ծրագրերում:

Աունի գրասենյակը մեջբերել է հանդիպման ժամանակ շեյխ Թամիմի խոսքերը, թե Կատարը պատրաստ է օգնել Լիբանանին բոլոր ոլորտներում, նա նաեւ հավելել է, որ էմիրը շուտով Կատարի արտգործնախարարին Լիբանան կուղարկի։

Բազմաթիվ երկրներ հրաժարվել են ներդրումներ կատարել Լիբանանում կամ օգնություն առաջարկել կառավարությանը, քանի դեռ վերջինս 2019 թվականին տնտեսական ճգնաժամը հրարհրող կոռուպցիայի եւ վատ կառավարման դեմ ուղղված լուրջ բարեփոխումներ չի իրականացրել: