Մենք պահանջում ենք անիմաստ կերպով ձերբակալված բոլոր համայնքապետերին, առաջին հերթին Սամվել Փարամազյանին ազատ արձակել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի Քաջարան համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց հաջակցություն քաղաքապետ Սամվել Փարամազյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ կորցնում ենք ամեն ինչ, իսկ այս 5 համայնքապետերը կարողանում էին պաշտպանել Սյունիքի բոլոր սահմանները: Այսօր թուրքը չոքել է Սյունիք աշխարհի դռանը, փակել է բոլոր ճանապարհները, իսկ այնտեղ ինչ-որ սինդիկի հարց են քննարկում: Անիմաստ է այդ մարդկանց փակած պահելը, դա քաղաքական հարց է, ուրիշ ոչինչ: Նրանք պետք է վերադառնան, որ Սյունիքը պաշտպանենք, այլապես կկորցնենք»,-ասաց նա՝ հավելելով, ո բոլոր անազատության մեջ գտնվող համայնքապետերի համար են պայքարում:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Պատերազմի ժամանակ այդ տղերքը 44 օր խարամատի մեջ քնել են, այն ժամանակ պետք էին, հիմա պետք չե՞ն: Նիկոլը 53 տոկոս ձայն է հավաքել, սաղին ասում է՝ չագուճը ձեռքս է, էդ տեղեն (նկատի ունի Փարամազյանին-խմբ) 90 տոկոս ձայն է հավաքել էստեղ: Ինքը նստի, Նիկոլը ֆռֆռա՞: Ամեն ինչ անում են, որ վերջին քայլերին դիմենք, ընկնենք ճանապարհ փակենք: Թողեք գա աշխատի, իր քաղաքին նայի, մենք էլ գնանք հանգիստ աշխատենք: Ոչ թե  ամեն օր հավաքվենք, մտածենք, թե ինչ կարող ենք անել, մի բանով փրկվենք»:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ  պատերազմի ժամանակ իրենց համայնքապետն է մարդկանց հավաքել, գնացել են հող պահելու. «Հերոս տղուն տարել նստացրել եք: Գնացեք ձեր խաղերը խաղացեք, մեր տղերքին թողեք հանգիստ: Ժողովուրդը արդեն զզված է»: