Պակիստանի հյուսիս-արեւմուտքում մահմեդական ամբոխը հրկիզել է ոստիկանական բաժանմունքը եւ չորս ոստիկանական անցակետեր այն բանից հետո, երբ սպաները հրաժարվել են հանձնել հոգեպես անհավասարակշիռ մարդուն, որը մեղադրվում է Ղուրանը պղծելու մեջ, հայտնում է AP-ն:

Հարձակումների հետեւանքով ոչ մի սպա չի տուժել, ասել է ոստիկանության ներկայացուցիչը, սակայն ոստիկանությունը զորքեր է կանչել Չարսադայում կարգուկանոնը վերականգնելու համար:

Ոստիկանները կանխել են ձերբակալվածին Լինչի դատաստանի ենթարկելու ամբոխի փորձը, եւ նրան տեղափոխել են այլ շրջան։ Դեռուս հետաքննություն է անցկացվում, կասկածյալը մեկ օր առաջ է ձերբակալվել։

Սկզբում սպաները դիմադրել են, սակայն ոստիկանության շենքերի վրա հազարավոր ցուցարարների հարձակումից հետո փախել են։ Ոստիկանությունը խուսափել է ուժի կիրառումից՝ ցուցարարների շրջանում զոհեր թույլ չտալու համար։ Երկուշաբթի օրը Չարսադայում իրավիճակը նորմալ է եղել, եւ իրավապահ մարմինները փորձել են ձերբակալել անկարգություններին մասնակից մարդկանց:

Պակիստանում աստծո հանդեպ անարգանքը պատժվում է մահապատժով, երկրում հանցագործության պարզ մեղադրանքները հաճախ բավական են լայնածավալ բռնություն հրահրելու համար: Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ աստվածանարգության մեղադրանքները հաճախ օգտագործվել են կրոնական փոքրամասնություններին վախեցնելու եւ անձնական հաշիվներ մաքրելու համար: