Յոթ մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա, մահացել է Տանզանիայի Պեմբա կղզում կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Եւս երեքը դեռ հիվանդանոցում են, հաղորդում է BBC-ն։

Տանզանիայի կղզիների եւ ափամերձ տարածքների բնակիչների շրջանում կրիայի միսը սովորական խորտիկ է, սակայն իշխանությունները արգելել են կրիաների օգտագործումը այդ տարածքում։ Հազվագյուտ դեպքերում կրիայի միսը կարող է վտանգավոր լինել՝ սննդային այնպիսի թունավորման պատճառով, որը հայտնի է որպես քելոնիտոքսիզմ: Դրա պատճառը անհայտ է, բայց համարվում է, որ այն կապված է թունավոր ջրիմուռների հետ, որոնցով սնվում են կրիաները:

Պեմբայի առնվազն հինգ ընտանիքներ անցած հինգշաբթի կրիայի միս են կերել: Հետեւանքները դրսեւորվել են հաջորդ օրը, առաջինը երեք տարեկան երեխան է մահացել։ Եւս երկուսը մահացել են այդ գիշեր, իսկ հետո եւս չորսը՝ կիրակի օրը:

Եւս 38 մարդ հոսպիտալացվել է, սակայն նրանցից շատերը դուրս են գրվել, իսկ երեքի վիճակը կայուն է։

Մարտին Մադագասկարում 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, մահացել էր կրիայի միս ուտելուց հետո։ Նման դեպքեր են գրանցվել նաեւ Ինդոնեզիայում, Միկրոնեզիայում եւ Հնդկական օվկիանոսում Հնդկաստանի կղզիներում: