Քաջարան համայնքի խնդիրները մեկ ամսում լուծել հնարավոր չէ. համայնքապետի կալանքի տակ մնալը մեզ համար բարդություններ է ստեղծել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի Քաջարան համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Զոհրաբ Առաքելյանը:

Նրա խոսքով, համայնքի ղեկավարը անձամբ պայմանավորվածություններ ուներ որոշ կազմակերպությունների հետ. «Տարբեր տեսակի պայմանագրեր ունեինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, եւ ես այդ նույն խնդիրը բարձրաձայնել եմ նաեւ կառավարությանը, որ համայնքի ղեկավարի կալանքից համայնքը չպետք է տուժի: Համայնքը  սպասում է իր ղեկավարին, որպեսզի նա այն խնդիրները, որոնք ծրագրված էր, իրականացնի: Համայնքի ղեկավարի պայմանավորվածությունները ինքը պետք է լինի, որ կարողանա իրականացնել»,-ասաց նա:

Փոխքաղաքապետին վրդովվեցրել են խոսակցությունները, թե Մանվել Փարամազյանը չի մասնակցել 44-օրյա պատերազմին. «Ես գիտեմ, որ հոկտեմբերի 2-ից սկսած Մանվել Փարամասյանը ԵԿՄ-ի տղաների հետ եղել են Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում: Դրանից հետո հոկտեմբերի 18-ին վարչապետի՝ գորիսի խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավարը հանդես էր եկել հայրենիքի պաշտպանության համար ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելու կոչով: 1-*2 օրում կազմակերպեց դա եւ մոտ 300 հոգի միանգամից հավաքվեցին իր շուրջ եւ բոլորը մեկնեցին մարտական հերթապահության: Ինքն անձամբ էր մասնակցում տղաների հետ, անձամբ էր դիրքեր բարձրանում»,-ասաց նա: