2022 թվականին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ավիացիոն զորամասերում գերձայնային զենքերով նոր ինքնաթիռներ կդրվեն ռազմական հերթապահության։ Այս մասին «Красная звезда» թերթին ասել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը։

Նա պարզաբանել է, որ թռիչքային պատրաստության տարվա շրջանակներում հերթապահության են դրվել «ավելի քան 200 միավոր ՍՌՀՏ-ի (սպառազինություն, ռազմական եւ հատուկ տեխնիկա) հեռանկարային նմուշներ, այդ թվում՝ գերձայնային զենքերով։

Օգոստոսին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտարարել էր, որ Ռուսաստանում կստեղծվի նորագույն հեռահար գերձայնային ավիացիոն X-95 հրթիռը։ Նա ընդգծել էր, որ նոր արտադրանքի փորձարարական նմուշներն արդեն փորձարկվել են։

Նաեւ, Զարուդնիցկու խոսքով, ՕՏՈՒ-ի համար ստեղծվում են տարբեր դասերի անօդաչու թռչող սարքեր, հորիզոնից այն կողմ հայտնաբերող ռադարներ, զենիթահրթիռային համակարգեր եւ համալիրներ, ինչպես նաեւ նորագույն ռազմական տեխնիկա: