Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հեռանում է ընկերության ղեկավարի պաշտոնից։ Կառավարումը կստանձնի ընկերության տեխնիկական տնօրեն Փարագ Ագրավալը, հաղորդում է CNBC-ն։

45-ամյա Դորսին Twitter-ի եւ թվային վճարումների իրականացնող Square ընկերության գործադիր տնօրենն էր: Ընկերությունը հայտնել է, որ Դորսին մինչեւ 2022 թվականին բաժնետերերի ժողովում իր լիազորությունների ժամկետի ավարտը կմնա խորհրդի կազմում: Salesforce-ի նախագահ եւ օպերացիոն տնօրեն Բրետ Թեյլորը կդառնա տնօրենների խորհրդի նախագահ՝ փոխարինելով Google-ի նախկին ղեկավար Պատրիկ Պիչետին, ով կմնա խորհրդի կազմում որպես աուդիտի հանձնաժողովի նախագահ։

«Ես որոշեցի հեռանալ Twitter-ից, քանի որ կարծում եմ, որ ընկերությունը պատրաստ է հրաժարվել իր հիմնադիրներից»,- ասել է Դորսին՝ չներկայացնելով այլ մանրամասներ, թե ինչու է որոշել հեռանալ պաշտոնից։

Ագրավալը ստիպված կլինի հասնել Twitter-ի ագրեսիվ ներքին նպատակներին։ Ընկերությունը այս տարվա սկզբին հայտարարել է, որ նախատեսում է մինչեւ 2023թ․ վերջը ունենալ օրական 315 միլիոն դրամայնացված ակտիվ օգտատեր եւ առնվազն կրկնապատկել իր տարեկան եկամուտն այս տարի:

Ագրավալը, ով 2017-ից զբաղեցնում է տեխնիկական տնօրենի պաշտոնը, Twitter-ում է ավելի քան մեկ տասնամյակ: Նա պատասխանատու էր արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման կիրառման ռազմավարության համար, ինչպես նաեւ ղեկավարում էր նախագծեր, որոնց նպատակն էր օգտատերերի ժամանակային սանդղակում թվիթներն ավելի արդիական դարձնել նրանց համար:

Դորսին, որը 2006թ․ դարձել է Twitter-ի համահիմնադիրը, մինչեւ 2008թ․ պաշտոնանկ արվելը զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը: Նա Twitter-ի ղեկավարմանը վերադարձել է 2015թ․՝ այն բանից հետո, երբ նախկին գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից։

2015թ․ հոկտեմբերի 5-ին Դորսիի կողմից գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո բաժնետոմսերը 85%-ով աճել են: Square-ի բաժնետոմսերը 2015թ․ նոյեմբերի 19-ին նախնական հրապարակային առաջարկից հետո աճել են 1,566%-ով: