ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի Omicron նոր տարբերակն անվանել է «անհանգստության պատճառ», բայց ոչ խուճապի առիթ՝ հայտարարելով, որ ամերիկացիների պատվաստումն ու վերապատվաստումը վիրուսի դեմ լավագույն պաշտպանությունն է։

Նրա խոսքով՝ պաշտոնատար անձինք ավելի շատ ուղեցույցներ կհրապարակեն այն մասին, թե ինչպես են իրենք նախատեսում այս ձմռանը պայքարել COVID-19-ի տարածման դեմ: Ընդ որում՝ նա խոստացել է, որ դրանք իրենց մեջ կարանտիններ չեն ներառի։

«Այս տարբերակը անհանգսության տեղիք է տալիս, այլ ոչ խուճապի»,- ասել է Բայդենը։ «Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութը, լավագույն դեղամիջոցները, լավագույն գիտնականները, եւ մենք ամեն օր ավելին ենք իմանում: Եւ մենք այս տարբերակի դեմ գիտության օգնությամբ ենք պայքարելու։ Ոչ մի քաոս կամ խուճապ: Եթե դուք պատվաստված եք, բայց դեռ անհանգստացած եք նոր տարբերակից, ստացեք բուստերային պատվաստանյութ: Եթե դուք պատվաստված չեք, պատվաստվեք: Ստացեք առաջին պատվաստումը»,- ասել է Բայդենը:

Երկուշաբթի ավելի վաղ Բայդենը հանդիպել է բժշկական խորհրդատուների հետ՝ COVID-19-ի վերջին տարբերակի հարցով, որը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները եւ մտահոգություններ է առաջացրել դեպքերի նոր ալիքի վերաբերյալ, թեեւ գիտնականներն ու բժշկական փորձագետները դեռ աշխատում են ավելին իմանալու այն մասին, թե որքանով է նոր շտամը վարակիչ, եւ որքանով են արդյունավետ պատվաստանյութերը լուրջ հիվանդությունների կանխարգելման համար: