Ընտիր տղա է Փարամազյանը, ընտիր տղուն բռնել ես, ամոթ ա, բաց թող, Հայաստանի ղեկավարի աթոռին նստող, եթե բաց թողնես, մեծ շնորհակալություն կհայտնեմ քեզ: Այս մասին Սյունիքի Քաջարան համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից, Լեռնաձոր գյուղի բնակիչներից մեկը, որն Արցախյան 44-օրյա պատերազմում որդուն ու թոռանն է կորցրել:

«Ես համայնքի ղեկավարին ճանաչում եմ համարյա 40-50 տարի, որպես տղա` մեծատառող տղա, որպես ղեկավար` ուժեղ տղա, որպես մարդ` լավ մարդ, որպես ծնող` լավ ծնող: Իմ տղան ու թոռը զոհվել են էս պատերազմում: Երբ Արմենիս մասին իմացել ա Փարամազյանը, 70 կմ հեռու ա եղել նրանից` կամ կարող ա եւ ավել, թողել ա, գնացել, որ Արմենին բերի մեր տուն: Ընտիր տղա ա Փարամազյանը, ընտիր տղուն բռնել ես, ամոթ ա, բաց թող, Հայաստանի ղեկավարի աթոռին նստող, եթե բաց թողնես, մեծ շնորհակալություն կհայտնեմ քեզ: Որ ասածս լսես, բաց թող, խնդրում եմ, ինձ թվում ա` խնդրանք անց կկենա: Էն ցավը, որ ես տարել եմ, թող ոչ մեկ չտանի: Ես գիտեմ, որ բաց ես թողնելու, բայց մի հարց կա ստեղ` շուտափույթ բաց թող մեր համայնքապետին, համայնքն անտեր ա մնացել: Ես մեր բոլոր զոհերի ծնողների կողմից հայտարարում եմ, որ Փարամազյան Մանվելը սաղին մեկ առ մեկ մասնակցել ա` մեկ առ մեկ բոլոր աճյունների… չեմ կարողանում բացատրել, սարսափելի բան ա: Բաց թողեք, թող էդ մարդը գա իրանց տուն…»,- ասաց Լեռնաձորի բնակիչը: