Կարիբյան ծովի Բարբադոս կղզյակային պետությունը երեքշաբթի պաշտոնապես հանրապետություն դարձավ։ Պաշտոնը ստանձնեց նաեւ հոկտեմբերին ընտրված նախագահ Սանդրա Մեյսոնը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II այլեւս Կարիբյան պետության ղեկավար չի լինի։ Արարողությունը հեռարձակվել է Բարբադոսի կառավարության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արարողության հյուրն էր բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը, ով Բարբադոս էր ժամանել կիրակի օրը Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունի Ազգային հերոսների հրապարակում իջեցվեց թագուհու դրոշը։

«Ես երդվում եմ լինել հավատարիմ Բարբադոսին եւ, օրենքի համաձայն, ազնվորեն ծառայել Բարբադոսին նախագահի պաշտոնում։ Աստված ինձ օգնական»,- ասաց Մեյսոնն իր երդմնակալության ելույթի ժամանակ, որից հետո հրապարակում բարձրացվեց հանրապետության նախագահի դրոշը։ Պետության ղեկավարի պաշտոնական երդմնակալությունից հետո Բրիջթաունի կենտրոնում ռազմական շքերթ անցկացվեց, որը հեռարձակվեց տեղական բոլոր հեռուստաալիքներով, ինչպես նաեւ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էկրաններով։ Իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել հանրապետության հռչակման եւ անկախության հռչակման 55-ամյակի տոնակատարությունների ժամանակ սոցիալական հեռավորություն պահպանել՝ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար։

Սեպտեմբերի վերջին Բարբադոսի Խորհրդի պալատը (խորհրդարանի ստորին պալատը) միաձայն կողմ է հանդես եկել սահմանադրության փոփոխություններին, որոնց համաձայն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II այլեւս չի լինի Կարիբյան ավազանի երկրի ղեկավարը։ Հոկտեմբերին խորհրդարանականները երկրի նախագահի պաշտոնում ընտրեցին 72-ամյա Սանդրա Մեյսոնին, ով կղզու գլխավոր նահանգապետն է 2018 թվականից։

Բարբադոսն անկախ պետություն է Համագործակցության կազմում՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ։ Կղզին կմնա միության կազմում նույնիսկ հանրապետության հռչակումից հետո։ Բարբադոսը գտնվում է Կարիբյան ավազանի արեւելյան մասում եւ այնտեղ ապրում է ավելի քան 287.000 մարդ: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1966 թվականի նոյեմբերի 30-ին։