ԱՄՆ իշխանությունները մեծ հույսեր չեն կապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հետ եւ կարծում են, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ լուրջ բանակցություններ վարելուն, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ըստ ամերիկյան հետախուզության, կարծում է, որ նախկին նախագահ Հասան Ռոհանին 2015 թվականին վատ գործարք է կնքել՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): ԱՄՆ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ «խորապես մտահոգված են, որ Իրանը չափազանց հեռուն կգնա իր ներկայիս միջուկային մշակումներում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռ հույս ունի, որ Ռայիսին, ի վերջո, կցանկանա նոր համաձայնագիր կնքել, որը շատ չի տարբերվի նախորդից։

Պորտալին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջուկային էսկալացիան Իրանին բանակցային որեւէ լծակ չի տա, երբ ԱՄՆ-ն վերադառնա բանակցություններին։

Ըստ Axios-ի՝ Իսրայելի հետախուզական ծառայությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում տվյալներ են փոխանցել ԱՄՆ-ին եւ եվրոպական մի շարք երկրներին, որ Իրանը զբաղվում է ուրանի մինչեւ 90% հարստացման տեխնիկական նախապատրաստմամբ։