Վերջին շրջանում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունները գնալով ավելի են շեղվում համաչափության ու օրենքի գերակայության սկզբունքից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Ոստիկանության համակարգում, անկասկած, կան պարկեշտ, ի շահ օրենքի եւ ժողովրդի աշխատող մարդիկ, բայց, ցավոք, կան նաեւ ոստիկանության ծառայողներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է»,-ասաց Վարդեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել հասարակական կարգը եւ ապահովել օրենքի գերակայությունը, այլ ոչ թե փորձել հաճոյանալ քաղաքական իշխանություններին։ Նա հանձնաժողովի նիստին ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին կոչ արեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եւ կանխել խաղաղ ցույցերի եւ զանգվածային հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը։