Ճապոնիայում՝ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գրանցվել է Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը, հայտնում է Kyodo-ն։

Խոսքը Նամիբիայից ժամանած 30-ից 40 տարեկան տղամարդու մասին է: Սահմանը հատելիս նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նա մեկուսացվել է։ Դրանից հետո բժիշկները լրացուցիչ թեստ են կատարել օմիկրոն շտամի առկայության համար, որի արդյունքը դրական է եղել:

Աշխարհում օմիկրոն շտամի տարածման պատճառով Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկել է ուղեւորության եռշաբաթյա մեղմացումներն օտարերկրյա գործարարների, ուսանողների համար եւ կրկին դադարեցրել է նոր վիզաների տրամադրումը բոլոր երկրների քաղաքացիների համար։ Այդ միջոցները կգործեն մեկ ամիս, քանի դեռ փորձագետները եզրակացություններ են անում նոր շտամի վտանգի մասին։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կերկարաձգեն մուտքի սահմանափակումները։

Վիզաների տրամադրման կասեցումից բացի, Ճապոնիան նոյեմբերի 30-ից ավելացրել է նաեւ կարանտինային պահանջները 23 երկրներից եւ տարածաշրջաններից ժամանողների համար։ Հատուկ հաստատություններում եռօրյա կարանտին է մտցվել Ավստրիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, ինչպես նաեւ Հոնկոնգից եւ Կանադայի Օնտարիո նահանգից ժամանողների համար։ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից ժամանողների համար վեցօրյա կարանտին է սահմանվել։ Բացի այդ, աֆրիկյան ինը երկրներից ժամանողները, այդ թվում` Անգոլայից, Հարավային Աֆրիկայից, Զիմբաբվեից եւ Նամիբիայից, տասը օրով կարանտին կուղարկվեն:

Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից Ճապոնիան փաստացի արգելք է սահմանել աշխարհի բոլոր պետությունների եւ տարածաշրջանների քաղաքացիներին նոր վիզաների տրամադրման համար՝ կորոնավիրուսի շտամների տարածման հետ կապված։ Ներկայում երկիր կարող են մուտք գործել միայն ճապոնացիները, երկարաժամկետ վիզաներով այստեղ մշտապես բնակվող օտարերկրացիները եւ դիվանագետները։ Բացի այդ, մուտքը կարող է թույլատրվել Ճապոնիայում ապրող օտարերկրացիների հարազատներին «բացառիկ դեպքերում», օրինակ՝ ընտանեկան հանգամանքներով։