Կա չհերքված տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանի-Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Թե ինչ նպատակով են դրանք այնտեղ բերվում, չգիտեմ, գուցե, ինչ-որ մի պահի ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ ՀՀ ՊՆ-ն ունի՞ համոզմունք, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ կամ մարդուժ չի տեղափոխվում ու Հայաստանն իր տարածքը չի տրամադրում Սիրիայից Նախիջևան տեղափոխված ահակեկչական խմբավորումներին», - հետաքրքրվեց Արթուր Ղազինյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում. «Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը։