Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի զիջել Ադրբեջանին, եւ այս հարցում «կարմիր գծեր» չկան։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նա պարզաբանեց, որ չկան «կարմիր գծեր», որոնցից հետո Ադրբեջանը պատրաստ կլինի կանգ առնել, եթե դրան չխանգարեն։

Էլիբեգովան նշեց, որ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակ չպատասխանեց այն հարցերին` արդյո՞ք ադրբեջանցիները կհեռանան Հայաստանի տարածքից, հստակ պատասխան չտվեց ՀՀ Տավուշի մարզում տարածքների եւ ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հնարավոր հանձնման մասին հարցերին։ «Մենք չգիտենք, թե ինչ է նա գաղտնի բանակցում, եւ էլ ինչ կարող ենք կորցնել»,- ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով` հայկական կողմի խնդիրն է կանխել եւ թույլ չտալ, որ ադրբեջանցիներն առաջ գան։ «Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների անգործությունը ձեռնտու է ադրբեջանցիներին, ովքեր ասում են, որ եթե միջանցքը չտրվի, ապա այն ուժով կվերցվի։ Այսինքն՝ վստահ են, որ կստանան։ Նման պայմաններում հայ զինվորը չգիտի՝ իր թիկունքում պետություն է, թե՞ ոչ»,- ասաց Էլիբեգովան։

Նա հավելեց, որ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում ապահովել են Սյունիքի անվտանգությունն ու Ղարաբաղի հուսալի թիկունքը՝ ցույց տալով, որ չեն պատրաստվում հայկական ոչ մի սանտիմետր հող հանձնել, այժմ ամբաստանյալների աթոռին են:

«Մենք տեսնում ենք, որ քանի դեռ նրանք ձերբակալված են, ադրբեջանցիները գրավում են Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները։ Այդ մարդիկ ապացուցել են, որ կարող են դիմադրել ադրբեջանցիներին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ դեպքում նրանք ձերբակալվել։ Այդ տղերքը խոչընդոտում են ավելի լայն բնույթի պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել բանավոր՝ կուլիսներում։ Այդ պայմանավորվածությունների մի մասը մենք տեսանք Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում»,- եզրափակեց քաղաքագետը։