Ժամանակն է, որ հստակ ձևաչափ ձևավորվի հուշատախտակների տեղադրման չափորոշիչների վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը:

«Եթե այս տրամաբանությամբ շարունակվեց, կարող է հինգից տասը տարի հետո այս հուշատախտակներով, հարգելով այդ մարդկանց հիշատակը, բայց ունենալու ենք ինչ-որ դամբարանային քաղաք՝ բաց երկնքի տակ․ ամեն շենքի վրա հուշատախտակներ, պուլպուլակներ»,–ասաց նա։

Ըստ Մանրիկյանի՝ հստակ քայլեր է պետք ձեռնարկել, որ այս խնդրին լուծում տան, որպեսզի հուշատախտակների տեղադրման առաջարկներն անսպառ չլինեն։

«Հարգում ենք բոլորի հիշատակը, բայց ելնելով մեր մենթալիտետից, մենք սիրում ենք քարերով, պուլպուլակներով փորձել հիշատակը հավերժացնել, բայց դա սխալ է, մենք պետք է համահունչ լինենք քաղաքի ճարտարապետության հետ»,–ասաց նա և նշեց, որ պետք է նաև չափանիշներ մտածել Երևանի պատվավոր քաղաքացի կոչման առումով։

Նշենք, որ այսօր ավագանին որոշումներ կայացրեց՝  Երվանդ Ղազանչյանի, Գալյա Նովենցի, Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի և Կարապետ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին: