Չինաստանը հույս ունի, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ առկա տարաձայնությունները կլուծվեն երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով։ Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Այս համատեքստում Լիցզյանը հատկապես ընդգծել է Մոսկվայի դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում՝ նշելով, որ բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Չինաստանը հավասարապես համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հույս հայտնելով, որ կողմերը միմյանց ընդառաջ քայլ կանեն, երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով կհարթեն հակասություններն ու տարաձայնությունները եւ համատեղ կպաշտպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։ Բանակցություններից հետո համատեղ հայտարարություն ստորագրվեց։ Մասնավորապես, քաղաքական գործիչները պայմանավորվեցին մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմներ ստեղծել, պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանի կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման համար։