Պարոն Ալիեւը ուներ հնարավորություն եռակողմ բանակցությունների ժամանակ իր տեսակետը հստակ ձեւակերպել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւ Սոչիի հայտարարությունում խոսք չկար միջանցքի մասին, սակայն դրանից հետո թե Ալիեւը, թե Էրդողանը հայտարարում են, որ միջանցք է բացվելու Սյունիքի տարածքով:

«Թե ինչ են նրանք Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ, ՀՀ վարչապետը հստակ մեր երկրի շահերից բխող տեսակետը ներկայացրել է, կոմունիկացիաների մասին է խոսքը: Միջանցքը լրիվ այլ հասկացություն է եւ այդպիսի օրակարգ, նկատեցիք, որ չկար: Նաեւ զարմացան այն ուժերը, որոնք սպասում էին այդ ձեւակերպմանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյտարարել էր, թե առաջնագիծը պատշաճ կահավորված չի եղել, քանի որ բանակը խանվել էր քաղաքականությանը՝ մոռանալով իր հիմնական անելիքները, նա ասաց. «Դուք չգիտեք, թե ինչքան աշխատանքներ են կատարվել առաջնագծում, այդ աշխատանքները նախկինում զրոյական են եղել, որովհետեւ սահմանները եղել են այլ տեղանքում: Այսօր էլ այս եղանակային պայմաններում միջդիրքային ճանապարհներ են գծում: Ուզում եք ամեն ինչ քննարկեն ձեզ հե՞տ: Քարտեզները փռեն, ցույց տա՞ն»: