Իշխանությունը չի կարելի նույնացնել պետության հետ։ Մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք Հայաստանի պետականության համար. Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ 

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Արցախի հարցը լուծված է, պարզապես խուսափում են պատասխանատվությունից։ 

Ալավերդյանը հայտարարեց, որ իշխանությունների ինտելեկտուալ մակարդակը չի համապատասխանում մարտահրավերների բազմազանությանը. «Ասում են՝ Ալիեւն է կառավարում։ Ոչ, մեզ բոլորիս կառավարում է Թուրքիան։ Ադրբեջանին զրկելով ինքնիշխանությունից՝ այժմ փորձում է նույնն անել Հայաստանի դեպքում։ Թուրքիան արհամարհում է Ադրբեջանին, իսկ կրտսեր եղբորից նրան միայն նրա տարածքն է պետք։ Ադրբեջանցիներ են կոչվում անցած դարի սկզբին միավորված ցեղերը,  իսկ Թուրքիայում նրանց համարում են չորրորդ սորտի։ Ես դա ասել եմ ադրբեջանցիներին հանդիպումների ժամանակ»,-նշեց առաջին օմբուդսմենը։ Նա նշեց, որ հակառակորդը կարծում է, որ ինքն ուժեղ է, իսկ Հայաստանը՝ թույլ, եւ համապատասխանաբար պետք է կատարի իր բոլոր քմահաճույքները։ Սակայն այնպիսի գործընթացներ, ինչպիսին սահմանազատումն է, պետք է իրականացվեն հավասարների միջեւ, հակառակ դեպքում խոսքը կապիտուլյացիայի մասին է, երրորդը չկա։ Կապիտուլյացիայի են դիմում իշխանությունները, ոչ թե պետությունը,  հիշեցրեց Ալավերդյանը։

Պատասխանելով գերության մեջ գտնվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մասին հարցին՝ Ալավերդյանն ընդգծեց, որ հարցն ի սկզբանե քաղաքականացվել է․ «Այն պահից, երբ իշխանությունների թեթեւ ձեռքով տարածքները տղաների հետ միասին հանձնվեցին թշնամուն։ Իսկ հիմա նրանք կեղտոտ առեւտուր են սկսել։ Այդ տարածքներում հրամայվել էր չկրակել... Իշխանությունները քաղաքականացրել են ձեր որդիների հարցը։ Ամեն անգամ, երբ գերիներին վերադարձնում են, ինչ-որ անօրինական բան է կատարվում՝ կամ քարտեզներ կամ ինչ-որ համաձայնագիր կամ նոր գերիներ: Ադրբեջանը դա անում է, քանի որ մնում է անպատիժ։ Մնում է անպատիժ, քանի որ Հայաստանը դեռեւս հստակ չի ձեւակերպել իր պահանջները Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե սխալներ, այլ մտածված քայլեր են անում։ Եթե ​​ինչ-որ մեկը չի հասկանում, թե ինչ են անում իշխանությունները, պետք է հասկանա, որ թուրք-ադրբեջանական քաղաքականություն իրականացնող իշխանությունների մեղսակիցն է, նկատեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն կենտրոնները, որոնք ընտրել են այս թիմը, ունեն փորձված տեխնոլոգիաներ։ «Հայաստանում փորձ է կատարվում, ինչպես լաբորատորիայում։ Մեր ժողովուրդը շատ միամիտ է։ Մարդ, ում ոչ ոք չի ճանաչում, գաղափար է հայտնում, եւ սկսում են քննարկել այդ գաղափարը։ Իսկ ի՞նչ է արել նա այս տարիների ընթացքում։ Հայաստանը հարմար վայր է այդ լաբորատորիաների համար»,-վստահ է Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը չի դադարել որոշ ձեռնարկատերերի կողմից։ «Այսինքն՝ այս իշխանություններն ունեն իրենց ձեռներեցները, իրենց լրագրողները, իրենց «մարդիկ» եւ այլն։ Այսինքն՝ սա սելեկտիվ կառավարում է։ Նրանք չեն կառավարում ամբողջ ազգին։ Նրանք ունեն իրենց խավերը, մնացածին նրանք դիտարկում են որպես գորշ տարածություն, որի հետ պետք է խոսել սպառնալիքի եւ հարկադրանքի լեզվով»,-ասաց առաջին օմբուդսմենը։