Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, շարունակվում է քննվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին միջնորդությունը։

Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

NEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքը որակեց ապօրինի ու խայտառակ հետապնդում։

«Ողբերգություն է, երբ մարդն անազատության մեջ է այս պահին։ Բայց դե այսօրվա Հայաստանի երեսն էլ սա է։ Նիկոլի հերթական էժանագին փիառ ակցիան է։ Երեւի ինչ-որ սրիկայություն է անում, հանրության ուշադրությունը պետք է շեղի չէ՞։ Նման մեղադրանքի որոշում ստորագրելու համար քննիչը պետք է դատվի։ Նիստը տեղի է ունենում Նիկոլի զորակոչի դատարանում՝ Աջափնյակի նստավայրում, բոլոր կալանավորողները նույն տեղում են հավաքվում»,- արձագանքեց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/` հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար: