ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ «ցանկացած նոր ռազմական ագրեսիայի» մասին, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է ՆԱՏՕ-ի իր 29 գործընկերներին տեղեկացներ խմբավորման արեւելյան թեւի եւ դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի հետախուզական տվյալների մասին։ ՆԱՏՕ-ի հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսին Բլինքենը մտահոգություն է հայտնել ռուսական զորքերի «անսովոր» տեղաշարժերի եւ Մոսկվայից «ավելի ավելի ու ավելի ռազմատենչ ելույթների» առնչությամբ։

«Ռուսաստանի կողմից ցանկացած էսկալացիա լուրջ խնդիր կդառնա Միացյալ Նահանգների համար… եւ ցանկացած նոր ագրեսիա լուրջ հետեւանքներ կունենա»,- ասել է նա։ «Առաջիկա օրերին մենք սերտորեն կխորհրդակցենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ... այն հարցի շուրջ` կա՞ն արդյոք այլ քայլեր, որոնք մենք պետք է ձեռնարկենք որպես դաշինք՝ մեր պաշտպանությունն ուժեղացնելու, մեր ճկունությունն ամրապնդելու, մեր կարողություններն ավելացնելու համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բանակցություններից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի մտադրությունները պարզ չեն։ «Մենք զրահափոխադրիչներ, անօդաչու սարքեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր եւ տասնյակ հազարավոր ռուս զինվորականներ ենք տեսնում»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի «արժեքավոր» գործընկերն է, եւ դաշինքը երկրին քաղաքական եւ գործնական աջակցություն կտրամադրի: Ելույթ ունենալով Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ՝ Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքը կարող է «վերապատրաստում, ներուժ եւ պարտավորություններ ապահովել Կիեւի համար, սակայն կարեւոր է տարբերակել Ուկրաինան եւ Բալթյան երկրները, որոնք փոխադարձ պաշտպանության երաշխիքներ ունեն` որպես ՆԱՏՕ-ի անդամներ»:

ՆԱՏՕ-ի անդամներ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կրկնել են Բլինքենի նախազգուշացումը։ «Մենք աշխատում ենք այլ ժողովրդավարական երկրների հետ՝ Ռուսաստանի չարամիտ գործողություններին հակազդելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: «Ազատությունն ու ժողովրդավարությունը խաթարող Ռուսաստանի ցանկացած գործողություն, որից օգտվում են մեր գործընկերները, ռազմավարական սխալ կլինի»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է.«ՆԱՏՕ-ն անսասան աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային... Ռուսաստանը ստիպված կլինի թանկ գին վճարել ցանկացած ագրեսիայի համար»: