«Հուշարձանների վերականգնում եւ պահպանում» ծրագրի շրջանակներում Երեւանի բյուջեն կհամալրվի 96.4 մլն դրամով։ Համապատասխան գումարը, ի թիվս այլ բաների, կուղղվի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը։ Այս մասին նոյեմբերի 30-ին Երեւանի ավագանու նիստին համապատասխան նախագծի քննարկման ժամանակ ասաց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ բյուջեի ավելացումը նախատեսվում է սուբվենցիաների հաշվին։ «Հաղթողին կընտրի մրցութային հանձնաժողովը, իսկ հուշարձանն կտեղադրվի Երեւանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում»,- ասաց Ներսիսյանը։

Քննարկումներից հետո Երեւանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։